Ուզու՞մ եք խոսենք շրջաբերականից, ի՞նչ խնդիր կա, կեղծիքը հերքելուց հեշտ բան չկա։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ձեր ասածի մեջ ճշմարտություն է երկու բան՝ Դաշնակցությունը ժողով անում է, այո, Դաշնակցությունը շրջաբերականներ իջեցնում է: Ավելին, 004-ը չի մենակ, կա շուրջ 300 շրջաբերական, էլ ո՞նց ասենք, որ դա կեղծիք է: Դաշնակցությունն իր ժողովներում չի քննարկում Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունը այլ պետությանը զիջելու, ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք սահմաններ պիտի չունենանք, հերքում եմ, ոչ, Դաշնակցությունը չի կարծում, որ մենք, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունները պիտի երբեք չկարգավորենք։ Հերքում եմ, էլ ո՞նց հերքեմ։
Եթե այսքանից հետո չեք հասկանում, գործընկերներիս կոչ եմ անում էլ երբեք չանդրադառնալ այս թեմային։ 2019-ին էլ ձեր կրթության նախարարը տարածում էր նեոբոլշևիկյան ամենակեղծ փաստաթղթերից մեկը, իբրև Արամ Մանուկյանը նամակ է գրել թուրքերին, Անդրանիկ Օզանյանն էլ հանձնել է, ձերը այդ մակարդակն է։ Եթե Դաշնակցությունը գործերը թողնի ու ձեր ամեն ասածը հերքի, ու՞ր կհասնենք։ Վահագն Ալեքսանյանին ի՞նչ կա, ջանը սաղ, կարող է այդպիսի բաներ գրել, քանի՞ անգամ պիտի հերքենք»,- ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ նաև իշխանական պատգամավորների՝ «Հոկտեմբերի 27»-ին վերաբերող ելույթներին:
«Պատգամավորը խորհրդավոր հայացքով նայում է մեր կողմը ու ասում՝ եկեք տեսնենք, թե հոկտեմբերի 27-ի շահառուները ովքեր են։ Երկաթբետոնյա տրամաբանությամբ ասում է՝ Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական էր։ Նաիրի Հունանյանի արարքների համար մենք կրում ենք ճիշտ այնքան պատասխանատվություն, ինչքան կրում ենք Հովիկ Աղազարյանի քվեարկությունների համար։
Հանկարծ մյուս անգամ չհամարձակվեք Արցախը հանձնելուն էլ ասեք Դաշնակցությունն է արել, որովհետև Հովիկ Աղազարյանը նախկին դաշնակցական է։ Եկեք պարզենք՝ ովքեր են հոկտեմբերի 27-ի շահառուները: Հոկտեմբերի 27-ին համազգային ողբերգության, պետության գլխատման այդ խառը իրավիճակում, երբ որ այստեղ դեռ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում են ցանկ ու ասում են, որ այդ մարդկանց պիտի պաշտոն տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։