Մենք ձգտում ենք ստիպել իրանցի ժողովրդին թոթափ...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական հարձակումը «դեռ չի ավարտվել»՝ հայտարարելով, որ այդ գործողությունը «նսեմացնում է» Իրանի հոգևոր ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է AFP-ն։

«Մենք ձգտում ենք ստիպել իրանցի ժողովրդին թոթափել բռնապետության լուծը։ Ի վերջո, դա կախված է հենց իրենից։ Սակայն կասկած չկա, որ մինչ օրս ձեռնարկված գործողություններով մենք ջարդում ենք նրանց ոսկորները, և մենք դեռ չենք ավարտել դա», — երեքշաբթի տարածված հայտարարության համաձայն՝ երկուշաբթի երեկոյան Առողջապահության կառավարման ազգային կենտրոն այցելության ժամանակ ասել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսած հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին: