Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հերթական հանրահավաքը։ Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նաև Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը, ով հայտարարեց, որ իր համար գերագույն հրամանատար եղել է ժողովուրդը՝ մեր պետականությամբ․
«Պատերազմի ելքն ու ձախողումներն ակնհայտ են ստորագված փաստաթղթով, այդ փաստաթղթի ելքից դուրս գալու համար մենք մեծ ջանքներ պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք մեր առօրյան և մեր երկրի հետագա զարգացումն ապահովել»։
Օհանյանը հայտարարեց՝ այս պատերազմում մեր բանակը, արժանի հայոց գեներալները, արժանի հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը․
«Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավոումներ, և միայն երկու վայրում՝ մոտ 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, մենք կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»։
Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները 30 տարվա փորձից ելնելով՝ կարող էին տեսնել դրականը, որը եղել է ՀՀ-ում․
«Մենք ունեցել ենք անկախ պետություն, Արցախյան ազատամարտ, հաղթանակ, պետության բոլոր թևերի կայունություն, համակարգային գործունեություն։ Մենք հպարտացել ենք մեր բանակով, 2,5 տարվա մե՞ջ այդ բանակը կառուցվեց, մեր համատեղ պատմության մեջ 30 տարվա ջանքերով ենք կառուցել բանակը, բայց մեր բանկի կառուցման ակունքներում մեր բազմադարյա պատմության փորձն է»։
Օհանյանը պնդեց՝ այս 2,5 տարվա ընթացքում ձախողվեց արտաքին քաղաքականությունը, փոխարենը՝ ավելացավ անփորձ մարդկանց նշանակումը․
«Մանրախնդիր են անփորձները, փորձառու մարդիկ են լինում մեծահոգի»,-ասում է Օհանյանը և հավելում, որ մեզ պետք են փորձառու մարդիկ․
«2,5 տարվա ընթացքում միայն կարելի է բարձրագույն ուսումնական հաստատության 3-րդ կուրս փոխադրվել»։
Օհանյանը պնդեց՝ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որովհետև պետք են փորձառու մարդիկ, հակառակ դեպքում՝ պարտությունները շարունակական են լինելու․
«Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ նույն պարտադրումները Ադրբեջանի կողմից լինելու են մյուս մարզերում։ Չկա մեկը, որ հուշի այս իշխանությանը, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չեն իրականացվում։ Դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում, բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, այդ պայմանները խաղաղ գործընթացներն ու հակառակորդի հետ պայմանավորվածություններն են։ Խառը հանձնաժողովն է , որ պետք է գրի և քարտեզի վրա գծի սահմանները, որից հետո դրանք պետք է հավանություն ստանան կառավարության կողմից, որից հետո նոր պիտի միայն անցնեն դեմարկացիային, որի համար ևս պետք է ստեղծվի խառը հանձնաժողով»։
Օհանյանն ասում է՝ այսօր հակառակորդը գալիս, կանգնում է՝ որտեղ ուզում է։



