Մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը ԵՄ-ին անդամ...

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է ակտիվացնել իր ջանքերը՝ Եվրոպական միությանը անդամակցելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունն ընկալվում է որպես ռազմավարական նպատակ, սակայն այս գործընթացը շատ ավելի լայն ու խորքային նշանակություն ունի։

«Այո՛, վերջնանպատակը ԵՄ անդամակցությունն է։ Բայց ուզում եմ շեշտել՝ այս ընթացքը մեր կյանքի որակի բարձրացման մասին է։ Խոսքը միայն քաղաքական որոշման մասին չէ․ խոսքը այն մասին է, որ բարձրացնելով որակի ստանդարտները՝ մենք իրականում լավացնում ենք մեր քաղաքացիների առօրյան»,- նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ չափանիշներին մոտենալը նշանակում է կյանքի տարբեր ոլորտներում՝ սննդի անվտանգության, հագուստի արտադրության, վառելիքի, ծառայությունների մատուցման և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի էական բարձրացում։

«Երբ մենք ասում ենք՝ շարժվում ենք եվրոպական ուղղությամբ, սա վերացական հայտարարություն չէ։ Սա շատ կոնկրետ ու շոշափելի նպատակներ ունի՝ ավելի անվտանգ ու առողջ սնունդ, ավելի որակյալ ապրանքներ ու ծառայություններ, ավելի պաշտպանված իրավունքներ»,- ասել է պատգամավորը։