Մեկնարկեց ճանապարհային երթևեկության անվտանգու...

Հայաստանում մեկնարկեց «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը:

Ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում խթանել փաստահենք փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Հյուրերին ողջույնի խոսք հղեց նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրին։

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները:

Ծրագրի վերջնանպատակն է աջակցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը երկրում՝ տվյալների վերլուծության և վարքաբանական փորձարկումների արդյունքում ստացված փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման միջոցով:

Ծրագիրն աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջամտությունների կոորդինացման, պլանավորման և գնահատման գործընթացներին` նպաստելով մինչև 2030թ. ՃՏ պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը: