Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց թվում կան թանկարժեք աքսեսուարներ, հնատիպ գրքեր, շքանշան և դեկորատիվ իրեր։

Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի մասին է, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար 115 դրամ։ Նվերը Փաշինյանին հանձնվել է մայիսին՝ Ֆրանսիայի նախագահի պատվին նախագահական նստավայրում կազմակերպված պետական ընթրիքի շրջանակում։

Մեկ այլ ուշագրավ նվեր ևս ստացվել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Վարչապետին փոխանցվել է Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է դեռևս 1818 թվականին՝ Վենետիկում։ Հնատիպ գրքի արժեքը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանին մայիսի 5-ին նվիրել է «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ, որի արժեքը կազմել է 161 հազար 918 դրամ։Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության մարտի 19-ի այցի ընթացքում վարչապետը ստացել է նաև «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ։ Նվերի արժեքը գնահատվել է շուրջ 276 հազար դրամ (640 եվրոյին համարժեք)։

Նվերների ցանկում ներառված է նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի կողմից հանձնված «an&angel» ապրանքանիշի ապակյա ամանը, որի արժեքը գնահատվել է 70 հազար 222 դրամ։ Նվերը վարչապետին փոխանցվել է մայիսի 7-ին՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած լատվիական պատվիրակության ընդունելության ժամանակ։

Այսպիսով, միայն հրապարակված տվյալներով Նիկոլ Փաշինյանի ստացած հինգ նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Բոլոր նվերները հաշվառվել են որպես օրենքով սահմանված կարգով ստացված արարողակարգային կամ պաշտոնական նվերներ և ներառվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հաշվառման ձևաթղթերում»։