Մայրաքաղաքի փողոցների դիտահորերը հավասարեցվու...

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, ընդգծելով, որ խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարվանից մեկնարկել է դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:

«Խնդիրը Երևանի համար շատ դժգոհությունների առիթ էր դարձել: Ծրագիրը, ճիշտ է, կատարվում է Երևան համայնքի կողմից՝ քաղաքապետի հանձնարարությամբ, բայց այն այդքան էլ մեր տիրույթում չէ, որովհետև սա «Վեոլիա Ջուր», ջրօգտագործող ընկերությունների և տնտեսվարողների խնդիրն է, որոնք սեփականատերեր են և իրենց են պատկանում բոլորը՝ թուջե մտոցները, դիտահորերի կափարիչները և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի նկատմամբ:

«Ծրագրում 900 հատ թուջե կափարիչի վերաձուլում ունենք, 300 հատ դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հատ հին դիտահորի վերատեղադրում և 60 հատ նոր պանելների տեղադրումով փոխարինում: Մենք ասֆալտապատման ծրագրով էլ ունենք դիտահորերի անձրևորսիչների ուղղման աշխատանքներ»,- ասել է Գրիգոր Հարությունյանը:

Նշվում է, որ փորձնական ծրագրի մեծ մասը բաժին է ընկնում կենտրոնին, աշխատանքներ են տարվում նաև մյուս վարչական շրջաններում: Ծրագիրն իրագործելու նպատակով Երևան համայնքի բյուջեից ավելի քան 68 մլն դրամ կծախսվի: