
Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առաջարկություն է հնչել Երևանի ավագանում ընտրությունների մասնակիցների միջև կնքել պայմանագիր, ինչը, որքան հասկացա, նրանց պարտավորցնելու է չհամագործակցելու ՔՊ-ի հետ: Առաջարկը, որքան հիշում են, Ապրելու Երկիր կուսակցությունն է արել:
Ըստ երևույթին, այդ պայմանագրի իմաստն այն է, որ քանի որ հանրության մոտ կա խորքային անվստահություն մասնակից կուսակցությունների հանդեպ, որ նրանք ՔՊ-ի արբանյակներն են ու, ներկայանալով որպես ընդդիմադիր, ընտրություններից հետո կարող են դաշինք կազմել, կամ մի այլ կերպ համագործակցել դեռևս իշխող ՔՊ-ի հետ: Պայմանագիր կնքելով, նրանք կաշկանդված կլինեն անել այն, ինչը բազմիցս, մինչ այդ, արել են:
Առաջանում են հարցեր.
- Եթե կա նման կասկած, այն էլ հիմնավոր, ապա որն է իմաստը գնալ նրանց ընտրել ու սպասել, տեսնելու համար, թե հետագայում նրանք իրենց խաբելու են, թե ՝ոչ: Առավել ևս, որ նրանցից շատերը եղել են ԵԼՔ դաշինքի ակունքներում, սև ու սպիտակի բաժանման հեղինակներն են, պատերազմից առաջ, ու հատկապես պատերազմից հետո, շարունակել են համագործակցել Փաշինյանի հետ, լինելով նախարարներ, պատգամավորներ և այլն:
- Եթե այդ ուժերը բազմիցս խաբել են, ապա ինչ խնդիր կա, որ պայմանագիր կնքելուց հետո ևս մեկ անգամ խաբեն: Կարծում եմ, դա իրենց համար առանձնապես խնդիր չի լինի:
Այնուամենայնիվ, ողջունում եմ այդ առաջարկը, թող նախկինում նրանք, ովքեր ՔՊ-ի հետ համագործակցել են ու գուցե հիմա էլ են համագործակցում, թող կնքեն նման պայմանագիր: Դա նրանց պետք է ժողովրդի առաջ արդարանալու և ընդդիմադիր դիրք գրավելու համար: Հանրությունն էլ թող ևս մեկ անգամ տեսնի, թե ինչ արժեք ունի խոսքը՝ գրավոր, թե բանավոր, նրանց համար:
Ինչ վերաբերվում է Մայր Հայաստան Դաշինքին, ապա մենք նման պայմանագիր կնքելու կարիքը չունենք, մենք երբեք ՔՊ-ի հետ չենք համագործակցել ու, վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ դա հնարավոր չէ»: