
Արցախում սպասվող ընտրություններին ընդառաջ արդեն նշմարվում են հնարավոր դաշինքները և միավորումները, ըստ էության տեղի է ունենում ձևավորվող բևեռների տարալուծում:
Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը ընկալվում են Հայաստանի իշխանությունների հետ ջերմ և անմիջական հարաբերություններ ունեցող գործիչներ, ովքեր՝ ըստ տարբեր հրապարակումների, վայելում են ՀՀ գործող իշխանության տարբեր թևեր ներկայացնող անհատների համակրանքը՝ Մայիլյանի հենարանը և անմիջական կապը Երևանում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ է, իսկ Արայիկ Հարությունյանը անմիջական կապի մեջ է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Իմ Քայլը դաշինքի մյուս առանցքային պաշտոնյաննների հետ:
Սակայն, օրերս Մասիս Մայիլյանի ճամբարում է հայտնվել ՀՀ իշխանությունների, վարչապետ Փաշինյանի մասին հրապարակային, ցենզուրայից դուրս արտահայտություններ արած Սամվել Բաբայանը, ով բացասական է ընկալվում ՀՀ իշխանությունների կողմից: Սամվել Բաբայանը դեռևս ամիսներ առաջ Արցախի համայնքներում կազմակերպած հանդիպումների ընթացքում նշել է, թե իր վրա ոչ ոք Հայաստանից չի կարող մատ թափ տալ, որովհետև այդ մատը ինքը կմտցնի համապատասխան տեղը: Բաբայանի խոսքը վերաբերվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով դեմ էր Բաբայանի նախագահի թեկնածու առաջադրվելուն։
Այս միավորումը ոչ միանշանակ է ընդունվել նաև ՀՀ իշխանությունների մոտ, որոնց համար անընդունելի է Սամվել Բաբայանի հետ համագործակցելը, և հարց է ծագում՝ ինչի վրա է հենված գաղափարապես ամբողջովին հակառակ բևեռներում գտնվող անձանց համագործակցությունը, չէ որ մեկը հեղափոխական է, մյուսը հակահեղափոխական: