Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քը...

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Իլոն Մասկը Արիզոնայում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ մոտեցել է Դոնալդ Թրամփին և զրուցել նրա հետ: Համապատասխան տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը:

Թրամփի և Մասկի միջև հարաբերությունները վերջին ամիսներին խիստ լարված են. Մասկը դեմ էր արտահայտվել հարկերի կրճատման և ծախսերի ավելացման վերաբերյալ Թրամփի առաջարկած օրինագծին, ինչն առաջացրել էր Սպիտակ տան ղեկավարի վրդովմունքը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մասկը նստում Թրամփի կողքին և սեղմում նրա ձեռքը:

Ավելի ուշ Արիզոնայից Վաշինգտոն վերադառնալիս Թրամփին հարց են ուղղել Մասկի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին:

Թրամփը պատասխանել է, որ հաճելի էր, երբ Մասկը մոտեցավ, և իրենք կարճ զրույց ունեցան:

«Մենք լավ հարաբերություններ ունեինք: Հաճելի էր, որ նա մոտեցավ», - հավելել է Թրամփը: 

Չարլի Քըրքը մահացել է սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Յուտայի նահանգի Յուտա Վելի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ արձակված կրակոցի հետևանքով։