
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից սկսած կտրուկ կկրճատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) աշխատելու ժամանակը և մեծամասամբ կվերադառնա իր ընկերությունների կառավարմանը: Այս մասին հայտնում է BBC-ին։
Մասկի ամենախոշոր ընկերությունը՝ Tesla-ն, հայտնել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որոնք ցույց են տվել, որ ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 71%-ով: 2025 թ. հունվար-մարտ ամիսներին Tesla-ն վաճառել է գրեթե 337 000 էլեկտրամեքենա, ինչն ընկերության վատագույն եռամսյակային արդյունքն է ավելի քան երկու տարվա ընթացքում։
«Աշխատանքի հիմնական մասը՝ DOGE-ի թիմի կազմավորումը և ֆինանսական կարգուկանոն հաստատելու հարցում կառավարության հետ փոխգործակցությունն արդեն հիմնականում արված է», - վերլուծաբանների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ Մասկի խոսքը մեջբերել է Reuters-ը:
Միևնույն ժամանակ Իլոն Մասկը չի պատրաստվում ամբողջովին հեռանալ DOGE-ից. նա հայտնել է, որ նախատեսում է իր ժամանակի 40%-ը հատկացնել վարչությանը։
Գործարարը նշել է, որ կշարունակի աշխատել DOGE-ի թիմի հետ մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը՝ ապահովելու, որ «շռայլություններն ու խարդախությունները» չվերադառնան:
Մասկը նաև հավելել է, որ մտադիր է շաբաթական մեկ կամ երկու օր հատկացնել կառավարության խնդիրներին, «քանի դեռ նախագահը դա ցանկանում է»:
Իլոն Մասկի դերը Կառավարության արդյունավետության վարչությունում, որտեղ նա փորձում է կրճատել դաշնային կառավարության աշխատատեղերը հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր, լուրջ դժգոհության առիթ է դարձել, ինչի պատճառով Tesla-ի խանութները վանդալիզմի են ենթարկվել: