Հայաստանի գործող իշխանությունները հանրությանը պահում են տոտալ ստի ու մոլորության մթնոլորտում։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում անում են իրարից արմատապես տարբերվող հայտարարություններ։
Օրերս Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, խոսելով օկուպացված տարածքներից դուրս գալու հայտարարության մասին, ասել է․ «Երբ որ Հայաստանն է հայտարարում այդ մասին, Հայաստանը օկուպացված տարածքներ չունի Ադրբեջանից»։
Մարուքյանն, ըստ ամենայնի, Փաշինյանից ստացել է հանրությանը ստելու հանձնարարություն, քանի որ իր շեֆը շաբաթներ առաջ հստակ հայտարարել է, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական գյուղեր․ «86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանցիներն, ի դեպ, հետևում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, և երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․ «Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղեր, որոնք դեռ «օկուպացված են»»։