Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությ...

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Կուսակցության ներկայացուցիչներից Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 87 անձ։

«Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում ես եմ, երրորդ տեղում Երևանի ավագանու անդամ Նարե Արամյանն է»,–ասաց նա։

Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 14–ի։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

ԲՀԿ-ն,

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Միասնության թևեր»,

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,

«Հայաստան» դաշինքը,

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը,

Հայ ազգային կոնգրեսը,

«Հանրապետություն» կուսակցությունը,

«Նոր ուժ» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: