Երևանի ավագանու ընտրություններում, որպես Ազգային առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն օրերս պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասաց, որ իր զավակները՝ այդ թվում, 2 որդիները Չեխիայի քաղաքացիներ են։ Ըստ նրա՝ իրենց ընտանիքում կինը Չեխիայի քաղաքացի է, իսկ ինքը Հայաստանի, և երեխաները ավտոմատ Չեխիայի քաղաքացիություն են ստացել, այդ թվում Հայաստանի տարածքում ծնվածները։ Մարությանը նաև բացատրում էր, որ Չեխիայի անձնագրի ընտրությունն էլ զուտ տեխնիկական է, ԵՄ անձնագիրը մի շարք առավելություններ է տալիս՝ ճամփորդելու և սովորելու համար։ Խոսելով իր տղաների բանակում ծառայելու հավանականության մասին ասաց, որ նրանք կդառնան 18 տարեկան ու իրենք կորոշեն ծառայեն բանակում, թե ոչ։
Հայկ Մարության իրականում իր զավակների քաղաքացիության մասով ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Հայաստանում վաղուց կա երկքաղաքացիության ինսիտուտ։ Այսինքն իր երեխաները կարող էին ստանալ Չեխիայի և Հայաստանի քաղաքացիություն միաժամանակ։ Ու այդ ժամանակ էլ չեխական անձնագրով կարող էին հանգիստ շրջագայել և սովորել։ Երկքաղաքացիության ինստիտուտի մասին Մարությանը ամենայն հավանականությամբ մոռացել է, քանի որ այդ դեպքում իր տղաները պարտավորված էին լինելու անցնել պարտադիր զինվորական ծառայություն ինչպես Հայաստանի մյուս արական սեռի քաղաքացիները և հնարավորություն չէին ունենա ընտրելու (կարծում ենք պարզ է, թե նման հոր առկայության պարագայում ինչ են ընտրելու իր երեխաները) ծառայել բանակում, թե ոչ։
Ակնհայտ է, որ Հայկ Մարությանը հրաժարվել է իր երեխաների համար վերցնել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի իր տղաները խուսափեն հայկական բանակում ծառայելուց։ Սա խորը արհամարանք է այն պետության, հանրության նկատմամբ, որտեղ պատրաստվում ես իշխող դիրք զբաղեցնել։ Սա անթույլատրելի վերաբերմունք է երևանցիների նկատմամբ, հատկապես տասնյակ ու հարյուրավոր երևանցի ծնողների, ում զավակները զոհվել են վերջին պատերազմում։



