Մարտի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է մոտ 100 նավ` չնայած իրանական ուժերի կողմից տարածաշրջանում նավագնացության վրա պարբերաբար իրականացվող հարձակումներին։ Այս մասին են վկայում BBC Verify-ի կողմից վերլուծված տվյալները։
Չնայած այն բանին, որ որոշ էներգետիկ և կենցաղային ապրանքներ դեռևս փոխադրվում են աշխարհի ամենածանրաբեռնված նավագնացության ուղիներից մեկով, սակայն օրական նավագնացությունը նվազել է մոտ 95%-ով փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր։
Տվյալների վերլուծության Kpler հարթակի վերլուծաբանների տեղեկատվության համաձայն՝ այս ամսվա ընթացքում նեղուցով անցել է 99 նավ, օրական միջինը՝ ընդամենը 5-6 նավ։
BBC-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ նեղուցով անցնող նավերի մոտ մեկ երրորդն առնչություն է ունեցել Իրանի հետ։
Համեմատության համար նշվում է, որ ըստ Ծովային տեղեկատվական համատեղ կենտրոնի՝ պատերազմից առաջ նեղուցով անցել է օրական 138 նավ։
Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ ստեղծված իրավիճակի պատճառով մոտ 20 000 նավաստի մնացել է նեղուցից արևմուտք գտնվող շուրջ 3200 նավի վրա։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավարկության դադարեցումը մեծապես ազդել է նավթի և գազի գների վրա։



