Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է:
«Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամաններից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,– ասել է քաղաքապետը:
Թափառող կենդանիների խնդրի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությունից կենդանիների թմրեցման համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հավաստագիր է ստացել: Արդյունքում՝ նախորդ շաբաթ արդեն իսկ 62 շուն է ստերջացվել: Առաջիկա շաբաթներին քանակը կավելանա:
Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ:



