Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում էին քննվել Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի եւ 20-ի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ քրեական գործով վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին:
Նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ զոհվածների ծնողների՝ նիստի ընթացքում հնչեցրած ելույթներին՝ ասելով.
«Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվել եմ: Ես ինքս, արդեն հինգ տարի է, երեխա ունեմ, ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալն ու կորուստը՝ հատկապես նման հանգամանքներում: Անկեղծ՝ շատ հուզվեցի, և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել, ու միանշանակ կիսում եմ այդ մտահոգությունը, այդ ջղայնությունը, անարդարության զգացողությունները, բայց միանշանակ նաև տեսնում ենք շատ ծնողների կողմից, որն էլի հասկանալի է հուզական ֆոնի վրա, որ՝ դե մեկը պետք է պատասխան տա»:
Լևոն Քոչարյանը պատասխպանեց նաև հարցին, թե ծնողներն ասում են՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը չի հետաքրքրվել նրանցով, չի այցելել.«Այդ ամենը երբ եղել է, ինչ-որ գործընթացներ են չէ՞ գնացել: Նույն այս մարդիկ, որ այսօր դատախազներ են նստած, բողոք են գրել, պաշտպանում են, իրենք նոր չեն հայտնվել այդ համակարգում: Այսինքն՝ այդ ամեն ինչի համար կային պատասխանատուներ, գործընթաց էր գնում, հետո մենք արդեն ելքային ինչ-որ դիրք ենք ընդունում, որ մարդիկ ինչ-որ բան են արել ու իրենց արածը ուզում են կոծկել, կամ, ասենք, նույն պարոն Քլոյանը ասում է՝ 1000 հոգի սադրիչ է եղել, կամ մեզ մատնանշելով ասում է՝ իրենց խանութը թալանել են, իրենք չեն բողոքարկել, բայց հենց դա է, որ մի քանի օր առաջ էլ ես խոսում, ասում եմ, որ մարդկանց մոլորեցնում են: Այն խանութը, ինչից խոսում են, մենք երբևէ դրա հետ կապ չենք ունեցել: Այս կարգի մանիպուլյացիաներից, որ արվել են, երևի մեր մեղքն էլ կա այնքանով, որ ժամանակին դրանց պատասխանները հստակ չեն տրվել»,-նշեց Լևոն Քոչարյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին:



