Մարկեդոնով. 44-օրյա պատերազմի ժամանակ Արևմուտ...

Մինչև 2022 թվականը Կովկասը իրավիճակային մրցակցային ասպարեզ էր Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցության համար։ Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցում լիակատար տարաձայնություններ կային, բայց նրանք միասին աշխատեցին ղարաբաղյան ուղղությամբ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Արեւմուտքի ու Ռուսաստանի դիրքերն ավելի մոտ էին, քան ասենք Թուրքիայի ու Արեւմուտքի դիրքերը։ 2022 թվականից հետո այդ նրբությունները վերացել են, և այժմ Արևմուտքի հետ ցանկացած համագործակցություն Ռուսաստանում չի ընկալվում այնպես, ինչպես նախկինում։ Ինձ թվում է՝ Հայաստանում նման գիտակցություն չկա»,- նշեց նա։

Մարկեդոնովը բացատրեց, որ Ռուսաստանի համար անընդունելի է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ավելացումը։

«Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. Ռուսաստանը ցանկացած արևմտյան երկիր ընկալում է որպես ՆԱՏՕ-ի երկիր, որը պատժամիջոցներ է սահմանել իր դեմ և զենք է մատակարարել Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Այստեղից էլ նման ցավոտ արձագանքը: Այս իրավիճակը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծվի»,- հավելեց նա։

Նա հետաքրքիր համարեց Փաշինյանի տեսակետների էվոլյուցիան. «Երբ նա դեռ ընդդիմադիր էր, քննադատում էր եվրասիական ինտեգրացիան, իսկ հետո իրավիճակը սկսեց փոխվել։ Հիմա վարչապետ Փաշինյանը մեր հարաբերությունների դժվար զիգզագներից հետո ասում է, որ տնտեսության ոլորտում հարց չկա, իսկ ռազմաքաղաքական ոլորտը՝ մի կողմ»,- ասաց նա։