Մարիամ Գալստյանը մասնակցել է Բաց կառավարման գ...

2025 թվականի փետրվարի 5-7-ը Մանիլայում (Ֆիլիպինների Հանրապետություն) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Միջոցառման նպատակն էր խթանել մասնակցային և կայուն ժողովրդավարություններին աջակցող ջանքերը և վերականգնել հանրային վստահությունը կառավարման նորարարական մոտեցումների միջոցով։

Մարիամ Գալստյանը որպես բանախոս մասնակցել է «Փոխգործելիություն և տվյալների օգտագործում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել է Հանձնաժողովի թվային օրակարգը:

Մասնավորապես, հատուկ անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին էլեկտրոնային հարթակի միջոցով հասանելի դարձված տվյալներին, դրանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին, իրավական և պրակտիկ մարտահրավերներին:

Ընդգծվել է Հանձնաժողովի տարբեր գործառույթների իրականացման շրջանակներում թվային տվյալների կարևորությունը, էլեկտրոնային հարթակի հետագա զարգացման միջոցով վերլուծական մոդուլների ներդրումը, ինչպես նաև այս ուղղությամբ հետագա նախանշված քայլերը:

Մ. Գալստյանը նաև ելույթով հանդես է եկել «Քաղաքականության մեջ գումարի թափանցիկության ապահովման ուղիները» թեմայով նիստին, որը նվիրված էր քաղաքական ֆինանսների թափանցիկությանն առնչվող օրենսդրությանը:

Պանելային քննարկման խոսնակների կողմից ներկայացվել են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի քաղաքական ֆինանսների թափանցիկության ոլորտում իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ նորարարական լուծումները:

Ներկայացվել են Հանձնաժողովին կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության վերապահման պահից ի վեր գործընթացի թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարձրացման, թվային լուծումների միջոցով արդյունավետության խթանման հարցերը: