Մարդուն ասում ենք՝ ձեռ չտաս, կպայթի, ինքը դատ...

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստի ընթացքում քննարկեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին օրենքների փոփոխությունը։

Հարցը ներկայացրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ նշելով. «Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի դադարումը կասեցվում է, եւ տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով նախատեսված չէ, որ դա ենթակա է անհապաղ կատարման։ Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են ընձեռնված հնարավորթյուններից, ու չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունը էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են ու ստանում ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։

Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներ ուղղելու և օրենքի անվտանգ գործուենության դաշտ վերադառնալու համար։ Հիմա առաջարկվում է նախատեսել, որ այդ ոլորտներում տեսչական մարմնի ընդունած հետևյալ վարաչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, հետևաբար դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»։

Նրա խոսքով՝ կատարվում է Կառավարության նախորդ նիստերի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք թույլ չեն տվել ապահովել ամբողջական վերահսկողությունը պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով նախատեսված փոփոխություններին, ընդգծեց, որ այս օրենսդրական փոփոխությունները բավական երկար են նախապատրաստվում, բայց դրանց անհրաժեշտությունը գալիս է հետևյալից․ «Երբ մենք ունենում ենք միջադեպ, պայթյուններ ու արձագանքն այն է լինում ՝ ի՞նչ ենք արել, ի՞նչ պետք է անեինք ու արդյո՞ք արել ենք, հետո դեպքի հետևից գնում ենք ու տեսնում ենք, որ պետական մարմինները իրեց գործառույթը իրականացրել են ու դա դառնում է մեզ համար մխիթարանք։

Այստեղ խնդիրն այն է, որ մենք գալիս ենք այդ հայեցկարգային խնդրից, թե ամբողջական լուծման հետ ենք բախվում, երբ մեր մոտեցումը ինչ-որ առումով ֆորմալացված է, երկրորդ կողմից էլ հիմնված է խելամտության կանխավարկածի վրա։ Վեց տարի շարունակվող բանավեճն է` տուգանքի մատերիալ լինել-չլինելու հետ կապված։ Էությունն այն է՝ մարդուն ասում ենք՝ ակտը գրել ենք, դու տես ինչ ես անում, մի քանի անգամ կտուգանենք, վերջին տարբերակով էլ դատարան կդիմենք։

Հիմա մարդուն ասում ենք՝ ձեռ չտաս, կպայթի, ինքը գնում է դատարան է դիմում, դատարանն ասում է՝ կքննարկենք ու այդ ընթացքում կարող են տեղի ունենալ բազմաթիվ միջադեպեր։ Հիմա դա պետք է փակվի, հետո դատարանում կպարզվի, եթե պարզվի, որ սխալ է փակվել, մենք կհատուցենք դատական կարգով, ավելի լավ է այդպիսի ռիսկ առաջացնենք, քան թե ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որովհետև այդ դեպքում ոչ մեկ հասցված վնասը չի կարող կոմպենսացնել»:

Վարչապետը շեշտեց՝ մեկ, երկու, երեք անգամ կարող են նախազգուշացնել, սակայն 4-րդ անգամ արդեն պետք է գործի հարկադրանքի միջոցը.«Փոփոխություններ արեցինք, պետք է 6 ամիս հետո դաշտում մոնիթորինգ կատարենք՝ տեսնելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացան։ Սա էլ է ֆորմալ մոտեցում։ Չկա այդպիսի մի բարեփոխում, որից հետո մոնիթորինգ չպետք է անենք և խնդիրները չլուծենք։ Մենք պետք է բացառենք նույն մարդու կողմից երկուսից ավելի իրավախախտման դեպքը»։