Միշել Օբաման կխախտի ավանդույթը և չի մասնակցի...

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կխախտի ավանդույթը և չի մասնակցի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը:  Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով նախկին առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարությանը։ Նրա որոշման պատճառները չեն նշվում։

Նախկինում Միշել Օբաման քննադատել է հանրապետականին և մեղադրել նրան ագրեսիվ հռետորաբանությամբ իր ընտանիքի անվտանգությունը վտանգելու համար։

Անցյալ շաբաթ նա նաև հրաժարվել էր մասնակցել նախկին նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորության արարողությանը և մնացել էր Հավայան կղզիներում։ Սակայն արարողությանը ներկա է եղել նրա ամուսինը՝ Բարաք Օբաման, որը նստել է Թրամփի կողքին ու զրուցել նրա հետ։

Երդմնակալությանը չմասնակցելու Միշել Օբամայի որոշումը խախտում է ավանդույթը, ըստ որի՝ արարողությանը սովորաբար մասնակցում են նախկին նախագահներն ու նրանց կանայք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երդմնակալությանը ներկա կլինեն նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և նրա կինը՝ Լոռան, ինչպես նաև Բիլ և Հիլարի Քլինթոնները։