
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) բողոքի ցույցերին գալիս են փողի համար։
«Նրանք ցուցարարներ չեն, նրանք անկարգություններ սադրողներ և ապստամբներ են», - կիրակի օրը գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին։ «Վճարովի անկարգություններ», - մանրամասնել է ամերիկացի առաջնորդը։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը չի բացատրել, թե ով է, իր կարծիքով, վճարում ցուցարարներին։
Ըստ Թրամփի, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը «պետք է ներողություն խնդրեն» քաղաքի բնակիչներից, որ «սարսափելի են կատարել իրենց աշխատանքը» և «շարունակվող անկարգությունների» համար։
Կիրակի Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, հայտնել են իշխանությունները։ Իրավապահ մարմինները փորձում են մաքրել քաղաքի գլխավոր մայրուղին, որը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցարարները բախվում են ոստիկանների հետ՝ նրանց վրա շշեր և քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն հինգ մեքենա։
Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են իշխանությունների կողմից անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը այս ցույցերն ու անկարգությունները անվանել է անկարգություն և քննադատել Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսմանը։
Թրամփը, շրջանցելով Կալիֆոռնիայի նահանգապետին, հրամայել է Ազգային գվարդիայի 2000 զինվորների պայքարել անկարգությունների դեմ։ Նրանք սկսել են ժամանել քաղաք հունիսի 8-ի առավոտյան։