Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «Մարտին Սթար» ՍՊԸ-ին:
Մասնավորապես, բավարարվեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պաղպաղակի արտադրության համար։
Այս արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Խոսքը 139,6 մլն դրամի ապրանքների ներմուծման մասին է:
Կառավարության մեկ այլ որոշմամբ արտոնություն տրվեց նաեւ «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը եւս գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից:
«ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ջերմոցները օգտագործվելու են ելակի աճեցման համար։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Այս դեպքում խոսքը 1,49 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մասին է: