ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 18-ի։
Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։
Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։
Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։
Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Այսօր Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։
Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։
Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։
Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,- տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:



