Մակրոնը Սիրիայի ղեկավարին կոչ է արել ապահովել...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մայիսի 7-ին Փարիզում ընդունելով Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաային, կոչ է արել նրան ամեն բան անել առանց բացառության բոլոր սիրիացիների պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է, որ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի սիրիացիներին՝ «անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից, հայացքներից»։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Սիրիայի ղեկավարին ապահովել, որ դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած միջդավանական բռնության և ալավի փոքրամասնության անդամների նկատմամբ մարտին տեղի ունեցած հաշվեհարդարի համար մեղավորները «պատասխանատվության ենթարկվեն և դատապարտվեն»։ Մակրոնը նաև հայտարարել է այդ հանցագործությունների մեջ մեղավորների դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։

Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Սիրիայի դեմ սահմանված «եվրոպական տնտեսական պատժամիջոցների աստիճանական վերացումը» շարունակելու օգտին, եթե գործող իշխանությունը կայունացնի երկրում իրադրությունը։