
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Գրենլանդիան վերածվի ԱՄՆ-ի հետ առճակատման գոտու և հանդես է եկել միջազգային համաձայնագրերի ընդունման օգտին, որոնք կկարգավորեն գործունեությունն այդ տարածքում, ինչպիսին Արկտիկայի վերաբերյալ համաձայնագրերն են: Այս մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում:
«Գրենլանդիան արկտիկական տարածաշրջան է, և մենք ցանկանում ենք վարվել նույն կերպ, ինչպես Արկտիկայում, այսինքն՝ կնքել միջազգային պայմանագրեր, որոնք կկարգավորեն այդ ոլորտը: Մենք ցանկանում ենք պաշտպանել, մենք ցանկանում ենք, որ գիտնականները կատարեն իրենց աշխատանքը, բայց մենք չենք ցանկանում, որ այն դառնա առճակատման գոտի», - ասել է նախագահը:
Մեկնաբանելով իր առաջիկա այցն այդ կղզի՝ Մակրոնը բացատրել է, որ ցանկանում է այդ կերպ համերաշխություն հայտնել Դանիային, որի մասն է Գրենլանդիան։ Մակրոնի այցը Գրենլանդիա տեղի կունենա կղզին ԱՄՆ-ի մաս դարձնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա՝ Արկտիկայի անվտանգության հարցերի քննարկման համար: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Օվկիանոսին նվիրված 3-րդ խորհրդաժողովում, որը տեղի է ունենում Նիսում, Մակրոնն ընդգծել է, որ դեմ է «ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի զավթմանը»։