
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) վարչության բյուջեի «աղետալի» կրճատումները, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, հանգեցրել են դեպի Եվրոպա միգրացիայի աճի: Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ ՓԳՀ վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։
ՄԱԿ ՓԳՀ վարչության բյուջեն կտրուկ կրճատվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը պակասեցրեց ԱՄՆ-ից ՄԱԿ-ին հատկացվող ֆինանսավորումը՝ երկու միլիարդ դոլարից հասցնելով մոտավորապես 390 միլիոն դոլարի։ Բացի այդ, կազմակերպությանն իրենց ֆինանսական աջակցությունը կրճատել են Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։
«Դոնորների կողմից մեզ պարտադրված բյուջեի կրճատումներն աղետալի են, այդ թվում նաև այս (խմբ.՝ միգրանտների) հոսքերի կառավարման տեսակետից», - նշել է Գրանդին։
Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ Սուդանից փախստականները շարժվում են դեպի հյուսիս՝ Եվրոպայի կողմը, այլ ոչ թե դեպի հարևան Չադ, որտեղ ավելի վաղ շատերին օգնություն է ցուցաբերվել։ Այս առումով «շատ ավելի շահավետ կլինի ներդրումներ կատարել» այն երկրներում, որտեղ արդեն գտնվում են փախստականների մեծ խմբեր, օրինակ՝ Չադում, Իրանում կամ Քենիայում, հայտարարել է նա։
Ըստ FT-ի՝ ԵՄ-ն աշխատում է Աֆրիկայից միգրացիայի հետագա սահմանափակման վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում մայիսի 2-ին առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը՝ դրանք համարելով անարդյունավետ և անարդարացիորեն թանկ Միացյալ Նահանգների համար։ Նա նաև առաջարկել է դադարեցնել պարտավորությունների մեծ մասը և բոլոր կամավոր վճարումները ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ ԱՀԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև կազմակերպության կանոնավոր բյուջեին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը համարել են երկրի «ներքին գործընթաց»։