«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ։
Նա նշել է, որ Ադրբեջանում ստեղծված ժամանակակից երթուղային ենթակառուցվածքները, այդ թվում՝ առևտրային նավատորմը, «Ալաթ» միջազգային առևտրային նավահանգիստը, որի հզորությունն առաջիկա տարիներին կհասնի 25 միլիոն տոննայի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ինչպես նաև երկրի ինը միջազգային օդանավակայանները՝ այս բոլոր գործոնները ամրապնդում են Ադրբեջանի դերը որպես համաշխարհային երթուղային և լոգիստիկ կենտրոն։
Նրա խոսքով, Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։
«Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը «Միջին միջանցքի» միջազգային տրանսպորտային երթուղուն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը կարևոր տարանցիկ երկիր է Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Վերջին տարիներին Միջին միջանցքով արտահանման հնարավորությունների և բեռնափոխադրումների աճը ձեռք է բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն», - հավելել է նախագահը։



