ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ անաչառ հետաքննություն անցկացնել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա կատարված հարձակումների վերաբերյալ, որոնց հետեւանքով զոհվել է 165 մարդ։
«Մենք պահանջել ենք, որ Միացյալ Նահանգներն անցկացնի օպերատիվ, թափանցիկ եւ անաչառ հետաքննություն, որի մասին, ինչպես հասկանում ենք, Միացյալ Նահանգները հայտարարել է։ Մենք պետք է համոզվենք, որ [մեղավորները] պատասխանատվության ենթարկվեն»,- Ժնեւում լրագրողներին ասել է նա։ Թյուրքն ավելացրել է, որ պետք է նաեւ փոխհատուցում ապահովվի տուժածների համար։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ դպրոցին հասցված հարվածը կարող էին իրականացրած լինել ամերիկացի զինվորականները: Fars գործակալությունը նաեւ հավաստիացրել էր, որ Իրանի իշխանությունները պարզել են հարվածն իրականացրած զինվորների ինքնությունը։
Փետրվարի 28-ին իրանական իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածել են հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 165-ի՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաեւ ծնողներ եւ ուսուցիչներ: Եվս 95 մարդ վիրավորվել է:



