ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,»-ընդգծել է նախարար Միրզոյանը։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։