ՄԱԿ-ի հակակոռուպցիոն միջազգային համաժողովում...

Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները:

Մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության  պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ի կատարումն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ՀՀ-ում ներդրված քաղաքացիադատավարական ընթացակարգերով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը:

 «Սա բացարձակապես նոր կառուցակարգ է հայաստանյան օրենսդրությունում, որը հնարավորություն է տալիս քրեական մեխանիզմներին զուգահեռ կիրառել անօրինական ակտիվների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմ և բռնագանձել այն գույքը, որը որևէ պատճաով հնարավոր չէ վերադարձնել քրեական գործերի շրջանակներում»,-նշել է Վաղինակ Ջանազյանը:

     Նկարագրվել են այս համակարգի գործարկման օրենսդրական կարգավորումնները, նշված գործընթացների իրականացման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության հիմնական գործառույթները, այդ ողղությամբ կատարված աշխատանքի ընթացիկ արդյունքները:

Համակարգի գործունակության արդյունավետության տեսանկյունից ՀՀ պատվիրակության կողմից շեշտադրում է կատարվել միջազգային համագործակցության, հատկապես օպերատիվ խողովակներով միջազգային հարցումների իրականացման վրա: Նշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից հանդիսանում է CARIN.NETWORK (Camden Asset Recovery Inter-agency Network) միջազգային ոչ պաշտոնական  ցանցի անդամ: Այդ ցանցի միջոցով  ներկա պահին արդեն իսկ ուղարկվել է 7 հարցում, որոնց արդյունքում ստացվել է 6 պատասխան, միևնույն ժամանակ՝ գործընկեր երկրների իրավասու մարմիններից ՀՀ դատախազությունն ստացել է 4 միջազգային հարցում:

Որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր նախադրյալ՝ այս ոլորտում առավելագույն պրոֆեսիոնալիզմ ապահովելու տեսանկյունից կարևորվել է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրության ընդունումը: Նշվել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական քննությունների իրականացումը ՀՀ ԲԴԽ-ի որոշմամբ վերապահվել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի չորս մասնագիտացված դատավորների:

Պատվիրակության կողմից համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունը հետևում է հակակոռուպցիոն գործիքների կատարելագործմանն ուղղված միջազգային միտումներին՝ անհրաժեշտության դեպքում լավագույն փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար: