ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկաց...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ և կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած ռազմական սրացում Մերձավոր Արևելքում: Նա մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի գրոհների առնչությամբ այն ժամանակ, երբ Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պարտականության մասին՝ գործել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - նշվում է հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը երկու կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն դրսևորել և ամեն գնով խուսափել հակամարտության սրացումից», - հավելել է Հաքը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նա զգուշացրել էր, որ հարվածները կշարունակվեն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դա անվանել է «կանխարգելիչ հարված»։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարձակմանը։