Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. դեպքը տեղի է ո...

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս մարմնական վնավսածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները՝ հիվադանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: