Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցություն առաջնորդ Մարին Լը Պենը հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրում է Figaro-ն։
Պարբերականի տվյալներով՝ Լը Պենը հաստատել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը Պա-դե-Կալե հյուսիսային դեպարտամենտից։ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը 2017 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին եւ 19-ին։
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը եւ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պայքարում էին պետության ղեկավարի պաշտոնի համար։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո Մակրոնը ստացել է ձայների 58.54 տոկոսը, Լը Պենը՝ 41.46 տոկոսը:



