Լսեցի Փաշինյանի ելույթը և ապրեցի հերթական անգ...

«Արտաքին քաղաքականությունը մեզ միավորող, մեր ազգային, պետական շահերը համադրող ոլորտ է, և հասկանալի էր, որ սպասում էի նաև Նիկոլ Փաշինյանի ելույթին, ուզում էի հասկանալ՝ այս իրավիճակում ինչպիսի պատկերացումներ ունի երկրի վարչապետը՝ արտաքին քաղաքականության հետ կապված: Լսեցի և ապրեցի հերթական անգամ խորը հիասթափություն»,-այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեսպանահավաքին ունեցած ելույթի մասին: 

Աշոտյանն ընգծեց՝ ցանկացել է հասկանալ՝ այսօրվա վարչապետը պատկերացնու՞մ է՝ ինչ է նշանակում արտաքին քաղաքականություն. սպասելիքները, սակայն, չեն արդարացել:

«Ամենասկզբից, երբ Նիկոլը հայտարարեց, որ հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձություն էր, առաջին անգամ մտքովս անցավ հետևյալը՝ от создателей ««ну погоди»-ն էլ է հայ» և «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է», այս նույն տրամաբանության մեջ իրականության հետ որևէ աղերս չունեց ու զավեշտալի հայտարարություն, որի վրա կառուցվեց և շարունակում է կառուցվել Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը: Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը՝ կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ, նա ի զորու չեղավ կատարել»:

ՀՀԿ փոխնախագահը խոսեց նաև Արցախի հարցի վերաբերյալ վարչապետի արած հայտարարության մասին՝ նշելով.

«Մի տեղ հասկանում եմ, որ 1.5 տարի առաջ, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, լավ չէր տիրապետում արցախյան հակամարտության կարգավորման խնդիրներին, նախապատմությանը և այլն, բայց այն արտահայտությունը, որ նա դառնացած է այն ժառանգությամբ, որ ստացել է, պարզապես վկայում է այն մասին, որ նա այս 1.5 տարվա ընթացքում ոչինչ էլ չհասկացավ և չսովորեց: Ինչի՞ց ես դառնացած, պարոն Փաշինյան՝ որ ստացել ես Հայաստանի նորագույն պատմության մեջ Արցախյան հակամարտության ծագման օրվանից մինչ այսօր ամենահաջողված, ամենալավ բանակցված փաթե՞թը: Դրանո՞վ ես դառնացած: Ինչի՞ց ես դառնացած՝ որ քո ապիկար, ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություննե՞րը: Թե՞ դառնացած ես նրանով, որ նորից ապաշնորհ ու սխալ քաղաքականության պատճառով, որ վարել ես դու, այլևս եռանախագահների հայտարարությունների մեջ այլևս չի շեշտվում կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Դրանո՞վ ես դառնացած, թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած»: