«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվամիջոցների և իշխանական պատգամավորների միջև մի շարք լարված միջադեպեր են արձանագրվել, որոնցում լրագրողների հարցերը դարձել են հրապարակային քննադատության և թիրախավորման առարկա։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակ Մարինա Հովհաննիսյանը, երկու տարի առաջ թքել էր քաղաքացիների վրա և միջնամատը վեր բարձրացնելով վիրավորել քաղաքացիներին։ Այս մասին լրագրողի հնչեցրած հարցից հետո Սիմոնյանը, որ ինքն էլ էր 2023-ի ապրիլին թքել քաղաքացու վրա, հրապարակայնորեն արձագանքել է՝ ներկայացնելով, թե լրագրողները «հարձակվել են» իր մոր վրա, սադրել են։ Մինչդեռ հարցը վերաբերում էր նախկինում նրա մայրիկի կողմից դրսևորած հանրային վարքագծին։
Նույն օրը լրագրողների հարցերին արձագանքելիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խուսափել է պատասխանել իր և ընտանիքի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հարցերին և, ավելի ուշ, սոցիալական հարթակներում հրապարակել է տեսանյութ՝ վիրավորելով լրագրողին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս թմրանյութի իր գործին առնչվող հարցուպատասխանից հետո հրապարակային անդրադարձ է կատարել լրատվամիջոցին՝ քննադատելով լրագրողի հարցադրումները։
Լարված իրավիճակ է արձանագրվել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հրապարակ» օրաթերթի միջև, ԱԺ փոխխոսնակը վիրավորել և թիրախավորել է լրագրողին։
Նշված բոլոր դեպքերում ընդհանուր պատկերն այն է, որ լրագրողների հարցերը, որոնք վերաբերում էին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների, արժանացել են ոչ թե պատասխանների, այլ հրապարակային արձագանքների, որոնք ուղղված են եղել հենց լրատվամիջոցներին։
Մեդիա փորձագետները բազմիցս նշել են, որ լրագրողների հարցերին արձագանքելու ընթացքում պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների թիրախավորումը կարող է խորացնել լարվածությունը և բացասաբար ազդել մասնագիտական աշխատանքի միջավայրի վրա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



