Լրագրողի մասնակցությամբ միջադեպի հետ կապված ք...

Ապրիլի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել 164-րդ հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Armnews հեռուստաալիքի թղթակից Անի Գեւորգյանը:

Նրա խոսքով՝  գործը հարուցվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված:

Նա հավելեց, որ ակնկալում էր, որ հաշվի կառնվի նաեւ իր հարազատների հասցեին սպառնալիքների փաստը, սակայն քննիչն ասել է, որ խնդիրը իրավիճակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ընկալումն է, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել սոցցանցերում:

«Եթե նոր փաստեր հայտնվեն, ապա գործը կարող են վերաորակավորել: Ինձ դեռ չեն հարցաքննել: Ինձ ծանուցում են ուղարկել գործի հարուցման եւ որպես տուժող ներգրավման մասին: Մնացած մանրամասներին ծանոթ չեմ: Քննչական մարմին հաջորդ այցը կլինի փաստաբանի հետ»,-նշեց լրագրողը:

Գեւորգյանը պարզաբանեց, որ պետք է նաեւ պարզել, թե արդյոք Նարեկ Շահնազարյան անվան տակ ներկայացող օգատերը, որը տարածել է իր եւ իր երեխայի լուսանկարներն ու վիրավորանքները, իրական է, թե՝ ոչ:

Նա կասկած հայտնեց, որ այդ ամենի հետ կապ ունի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչի կապակցությամբ վերջինս սպառնացել է զրպարտության համար դատարան դիմել:

«Կասկածները հիմնված են այն հրապարակումների վրա, որ այսպես կոչված «ֆեյքերի» ՊՈԱԿ-ը կապ ունի Ալեն Սիմոնյանի հետ: Բացի այդ, մի շարք հրապարակումներ կան այն մասին, որ նա կապ ունի «Հեղափոխության պահապանները» կազմակերպության հետ: Այս կազմակերպության հետ Սիմոնյանի կապի մասին հայտարարություն են հնչել նույնիսկ ԱԺ ամբիոնից»,-նշեց լրագրողը: