
Հունիսի 6-ից շարունակվող ցույցերի պատճառով Լոս Անջելեսի որոշ կենտրոնական հատվածներում պարետային ժամ է հայտարարվել երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը։ Ըստ քաղաքապետ Քերեն Բասի՝ այն կտևի մի քանի օր։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանները «զանգվածային ձերբակալություններ» են կատարել։
Կալիֆոռնիայում վերջին չորս օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 378 մարդ, որոնցից 200-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Քաղաքապետը հայտնել է, որ ցույցերի ընթացքում 23 բիզնես է թալանվել։
Լոս Անջելեսում տեղակայված Ազգային գվարդիայի շուրջ 4000 մարտիկները և 700 ծովային հետևակայինները պաշտպանում են դաշնային շենքերը, ինչպես նաև միգրացիոն հարցերով գործակալներին, որոնք ձերբակալություններ են կատարում։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատարան է դիմել՝ խնդրելով անմիջապես դադարեցնել զինվորականների կողմից միգրացիոն հարցերով գործակալների տրամադրվող օգնությունը։ Այս հարցով դատական լսումները կկայանան հունիսի 12-ին։ Նյուսոմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սրում է իրավիճակը Լոս Անջելեսում։
Իր հերթին, Թրամփը չի բացառել ապստամբության մասին օրենքը գործի դնելու հնարավորությունը. այն նախագահին լիազորում է ռազմական ուժեր տեղակայել երկրի ներսում՝ ճնշելու ապստամբությունը կամ ներքին բռնությունները կամ որոշակի իրավիճակներում օրենքի ուժը գործի դնելու համար: The Associated Press-ը նշում է, որ դա ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորություններից մեկն է:
«Եթե ապստամբություն լինի, ես, անշուշտ, գործի կդնեմ այն: Կտեսնենք», - ասել է նա Օվալաձև աշխատասենյակից:
ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերը տարածվել են նաև Դալասում, Օստինում, Տեխասում, Չիկագոյում, Նյու Յորքում, որտեղ հազարավոր մարդիկ են ցույցի դուրս եկել, կատարվել են բազմաթիվ ձերբակալություններ։