
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ Լոնդոնում պլանավորած հանդիպումն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Փոխարենը քննարկումներ կանցկացվեն հինգ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, թեև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, հնարավոր է, դեռ մնա Լոնդոնում և հանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հետ։
Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ն պետք է ներկայացներ յոթ կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 22-ին մերժել է առաջարկը։ The New York Times-ը հայտնում է, որ Զելենսկիի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին պետք է հանդիպեին Լոնդոնում՝ քննարկելու պատերազմի խաղաղ կարգավորման հարցը։