Պետությունը ձեռք է բերում բացառիկ մշակութային արժեք՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկ։
ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվում է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում ներկայացված մշակութային արժեքը գնելու և Հայաստան տեղափոխելու համար։
Նախարարը ընդգծեց, որ փեղկը եզակի նմուշ է թե՛ իր հնությամբ, թե՛ գեղարվեստական լուծումներով։
«Փորագրությունները և զարդանախշային համակարգը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին և Բագրատունյաց շրջանին բնորոշ մշակույթին։
Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր ընդամենը ութ նմանատիպ փայտե դռան փեղկ, իսկ ընդհանուր առմամբ փայտի փորագրության նմուշները բացառիկ են։ Այս պարագայում խոսքը գնում է այդ ութից մեկի մասին»,- նշեց Անդրեասյանը։
Նրա տեղեկացմամբ՝ դռան փեղկը 1980-ականների վերջերին հայտնվել է միջազգային շրջանառության մեջ և գտնվել Նյու Յորքի մասնավոր հավաքածուում։ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային աճուրդների մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրում է հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող նմուշները և, հնարավորության դեպքում, ձեռնարկում դրանց ձեռքբերման քայլեր։
Անդրեասյանը նշեց, որ վերջերս նույն գործընթացի շրջանակում ձեռք է բերվել նաև Արշիլ Գորկու կտավ, որը շուտով կտեղափոխվի Հայաստան, և հենց այդ աշխատանքի ընթացքում ուշադրության է արժանացել նաև տվյալ փայտյա փեղկը։
Նախարարի խոսքով՝ իրականացվել են ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք հաստատում են փեղկի թվագրումը, ինչպես նաև կան հրապարակված գիտական հոդվածներ՝ վկայող դրա մշակութային նշանակության մասին։ Բացի այդ, Հայաստանյան մասնագետը գործուղվել է տեղում ուսումնասիրություն իրականացնելու համար և հաստատել է նմուշի իսկությունը և բացառիկ արժեքը։
Նախատեսվում է, որ ձեռք բերված փայտյա դռան փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։



