Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունն...

Լիտվայում ընթանում են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի ութ երկրներից մոտ 3000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի բանակի հրամանատարությանը։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դրանցում գործի են դրվել շուրջ 3000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ վարժանքները կազմակերպող Լիտվայից, ինչպես նաև Բելգիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից և Խորվաթիայից։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 650 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահափոխադրիչներ։

Զինվորական շարասյուները կուղևորվեն Պաբրադեում գտնվող Լիտվայի բանակի կենտրոնական զորավարժարան, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է ստուգել և օժանդակել Լիտվայի բանակի «Գելեժինիս Վիլկաս» մոտոհետևակային բրիգադի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանը, կատարելագործել դաշնակիցների հետ փոխգործակցությունը պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում: