Երկքաղաքացիություն ունեցող Լիտվայի այն բնակիչները, որոնց քաղաքացիությունից մեկը ռուսաստանյան, բելառուսական կամ չինական է, զինվորական ծառայության չեն ընդունվի։ Համապատասխան օրինագիծը պատրաստել են Լիտվայի պաշտպանության նախարարությունը և Սեյմի (խորհրդարանի) ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը։ Դրա մասին հայտնում է BNS գործակալությունը։
«Նման անձինք չպետք է ընդունվեն զինվորական ծառայության, իսկ նրանք, ովքեր ծառայության ընթացքում ձեռք են բերել Ռուսաստանի, Բելառուսի կամ Չինաստանի քաղաքացիություն, պետք է ազատվեն բանակից»,-ասված է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասչյունասի ուղերձում։
Ըստ օրինագծի՝ Ռուսաստանը, Բելառուսը և Չինաստանը Լիտվայի ազգային անվտանգությանը սպառնացող պետություններ են, հետևաբար նրանց հետ հարաբերությունները ռազմական անձնակազմի համար ռիսկային գործոն են։ Լիտվայի ռազմական կառավարությունն արդեն իսկ արգելել է ոչ աշխատանքային նպատակներով այցելել նշված երկրներ։