Լիտվայի մաքսատունը, կիրառելով ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ, կուժեղացնի ԵՄ-ից արտահանման հսկողությունը և կսկսի ֆիզիկապես ստուգել երկակի նշանակության ապրանքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Նոյեմբերի 11-ից լիտվական մաքսատունը Լիտվայի սահմանին կուժեղացնի մաքսային վերահսկողությունը ռիսկի խմբի մեջ մտնող ապրանքների նկատմամբ, որոնց արտահանումը հայտարարված է Եվրամիության երկրներից: Երկակի նշանակության ապրանքների ֆիզիկական հսկողությունը կիրականացվի սահմանային կետերում», - հաղորդագրություն է տարածել մաքսային ծառայությունը:
Խոսքն այն բեռների մասին է, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կամ ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էլեկտրոնային ապրանքների արտահանմանը, ինչպիսիք են չիպերը, միկրոսխեմաները և այլ էլեկտրոնային բաղադրիչներ:
Պատժամիջոցների կարգավորման ենթակա ապրանքները, ինչպիսիք են բուժախտորոշիչ սարքավորումները, տարբեր մեխանիզմները և դրանց մասերը, նույնպես կենթարկվեն խստացված հսկողության։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵՄ-ից Ռուսաստան և Բելառուս արտահանվող բոլոր ապրանքների շուրջ 90%-ն անցնում է Լիտվայի հետ այդ երկրների սահմանով։