Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի կոնվենցիաները՝ սկսած միջազգային մարդասիրական իրավունքի երկու հիմնական սկզբունքներից՝ մարտերի մասնակիցների և քաղաքացիական բնակչության միջև տարբերակման սկզբունքից և համաչափության սկզբունքից: Իսրայելը չի պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի այս սկզբունքներից ոչ մեկը», - հայտարարել է Լիբանանի փոխվարչապետը:
Ամենատագնապալի հանգամանքներից մեկը Միտրին նշել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի սպառնալիքներն այն մասին, թե Լիբանանի մայրաքաղաքի Դահիյա արվարձանը, որտեղ գործում է շիաների «Հեզբոլլահ» շարժումը, շուտով կկրկնի Գազայի հատվածի հարավի Խան Յունիս քաղաքի ճակատագիրը: Այն վերածվել է ավերակների Իսրայելի երկարատև ռմբակոծություններից հետո:
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1116-ի, վիրավորներինը՝ 3229-ի։ Ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։
Մարտի 2-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման, որը սկսվել է փետրվարի 28-ին։ Իսրայելն էլ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, ինչպես նաև երկրի հարավում ցամաքային ներխուժում սկսել։



