Լիբանանում սեպտեմբերի 18-ին ռացիաների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի։ Այս մասին հաղորդում է լիբանանյան Naharnet պարբերականը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Ֆիրաս Աբիադը նաև հայտնել է, որ պայթյունների հետևանքով կա 608 վիրավոր։ Այսպիսով, երկու օրերի ընթացքում սարքերի զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 37-ի, վիրավորվել է շուրջ 3500 մարդ։
Լիբանանի արտգործնախարար Աբդալլա բու Հաբիբը հայտարարել է, որ «Լիբանանի ինքնիշխանության և անվտանգության վրա բացահայտ հարձակումը» վտանգավոր զարգացում է, որը կարող է «ազդարարել ավելի ընդարձակ պատերազմի մասին»:
Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյուններից տուժածների թվում էր նաև Բեյրութում Իրանի դեսպանը։