Լիբանանում աճում է տեղահանվածների թիվը

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 2-ից ի վեր մեկ միլիոնից ավելի մարդ է գրանցվել որպես տեղահանված, որոնցից ավելի քան 130 000-ը բնակվում են շուրջ 600 կացարաններում։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) տեղեկացրել է, որ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի մի շարք թաղամասերի։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ մարտի 17-ի գիշերը հրթիռային հարվածներով թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները Լիբանանի սահմանային Ջդեյդեթ Մայս ալ-Ջաբալի շրջանում։

Մարտի 16-ին Իսրայելի բանակը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, այդ թվում՝ 67 կին և 111 երեխա, վիրավորվել է ևս 2141 մարդ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որն էլ պատասխան գործողություններ է սկսել։ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։ Լիբանանի նախագահն Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների կոչ է արել։