Լիբանանն ու Իսրայելը կվերսկսեն բանակցությունն...

ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանն ու Իսրայելը հաջորդ շաբաթ կվերսկսեն բանակցությունները Միջերկրական ծովում ծովային սահմանի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով լիբանանցի երկու պաշտոնյաների:

Լիբանանի պաշտոնական ներկայացուցիչը, չբացահայտելով իր անունը, ասել է, որ ԱՄՆ-ն երկուշաբթի մայիսի 3-ին տեղեկացրել է Լիբանանին բանակցությունների վերսկսման մասին: Լիբանանի մեկ այլ պաշտոնյա ասել է, որ բանակցությունների վերսկսումը կհամընկնի ԱՄՆ միջնորդ Ջոն Դերոխերի այցի հետ, ով Բեյրութ պետք է ժամանի հաջորդ շաբաթ:

Անցյալ հոկտեմբերին Լիբանանը եւ Իսրայելը մի քանի հանդիպում անցկացրին Լիբանանի հարավում գտնվող խաղաղապահ բազայում: Սակայն առաջընթաց չհաջողվեց գրանցվել:

Քանի որ բանակցությունները փակուղում են հայտնվել, Լիբանանի ժամանակավոր վարչապետը եւ պաշտպանության եւ հասարակական աշխատանքների նախարարները հաստատեցին հրամանագրի նախագիծը, որով ընդլայնվելու են Լիբանանի պահանջները` հավելելով դրա բացառիկ տնտեսական գոտու շուրջ 1400 քառակուսի կիլոմետր: