Լիբանանի նախագահը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է զերծ...

Լիբանանի նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն զգուշացրել է զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանի իրադրության ապակայունացմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք ՀԱՄԱՍ-ին զգուշացնում ենք զերծ մնալ Լիբանանի տարածքն արտագրոհների համար օգտագործելուց, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, - նշել է նա հանրապետության Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում։ - Լիբանանը չպետք է հարթակ ծառայի տարածաշրջանի կայունության խաթարման համար»։ 

Աունի խոսքով՝ Լիբանանի իշխանությունները «չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»։

Պաշտպանության բարձրագույն խորհուրդն իր հայտարարության մեջ պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր անձանց, որոնք ներգրավված են Լիբանանի տարածքից հրթիռների արձակման մեջ։ Խորհուրդը վերահաստատել է իշխանությունների պահանջը բոլոր խմբավորումներից՝ հանձնել իրենց ձեռքում գտնվող անօրինական զենքը։

Ապրիլին Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 13 հոգուց բաղկացած խումբ, որոնց կասկածում են մարտի 22-ին և 28-ին Իսրայելի Մեթուլա և Քիրյաթ Շմոնա քաղաքների վրա հրթիռների արձակմանը մասնակցելու մեջ: Ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներ երկրի հարավում և հյուսիսում պաղեստինցի փախստականների ճամբարներում:

Լիբանանյան բանակը նաև Արքուբի սահմանային շրջանում ոչնչացրել է «Քուվաթ ալ Ֆաջր» կազմավորումների բազան, որը սուննիների «Ալ Ջամաա ալ Իսլամիա» կազմակերպության զինված թևն է  և ՀԱՄԱՍ-ի ու շիա «Հեզբոլլահ» շարժման դաշնակիցը: