Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին...

Լիբանանի հայկական երեք կուսակցությունները Բեյրութի Նահատակաց հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում են կազմակերպել։ Այս մասին հաղորդում է լիբանանյան An Nahar լրատվականը։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանահայությունը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք՝ ցեղասպանությունը վերապրածների որդիներս ու թոռներս, եկել ենք այսօր ևս մեկ անգամ ոգեկոչելու մեր նահատակների հավերժ հիշատակը և դատապարտելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեր ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված ոճրագործությունը: 

Մենք լիովին համոզված ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և դրա անպատժելիությունը պատճառ են դարձել հետագա բռնությունների, ջարդերի և մարդկության դեմ հանցագործությունների, որոնք մեր ժողովրդի դեմ շարունակվում են մինչ օրս։ Դրանցից վերջինն ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղ-Արցախից հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանումն էր։

Մենք ձգտում ենք հասնել մարդասիրական հիմնական նպատակին, այն է՝ կանխել նման հանցագործությունների և ողբերգությունների կրկնությունն աշխարհի ցանկացած կետում։ Մենք վերստին հաստատում ենք  մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարը հանուն ճշմարտության և արդարության», - նշված է հայտարարության մեջ։