Politik.am-ը գրել էր, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները խրոխտ կերպով հարձակվում էին փողոցում մեկ-երկու կիլոգրամ միրգ-բանջարեղեն վաճառող քաղաքացիների վրա, արձանագրություններ կազմում և բեռնագրավում նրանց ապրանքը։ Պահանջը մեկն էր՝ փողոցում առևտուր անել չի կարելի, անգամ եթե վաճառքն իրականացվում է խանութի դռնից ընդամենը կես մետր դուրս։
Սակայն քաղաքապետարանի աշխատակիցների վճռականությունը, կարծես, ավարտվեց այն պահին, երբ հասան ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանի կամ, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում, Լֆիկ Սամոյի «Երևան Սիթի» սուպերմարկետին։ Խանութի դիմաց տեղադրված էին պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների սառնարաններ։ Եթե շարքային քաղաքացիներից առանց վարանելու բեռնագրավում էին ապրանքն ու գույքը, ապա այստեղ բավարարվեցին միայն մեկ-երկու հովանոցով։ Սառնարանները, համենայնդեպս, չբռնագրավվեցին. առնվազն հրապարակված կադրերում դրանց առգրավման որևէ տեսարան չկար։
Այսօր արձանագրեցինք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների դիմաց փողոցային առևտուրը շարունակվում է։ «Երևան Սիթի»-ի Տիգրան Մեծի մասնաճյուղի դիմացի մայթին վաճառվում էին պաղպաղակ և զովացուցիչ ըմպելիքներ։
Հետաքրքիր է՝ Սամվել Ալեքսանյանը թքա՞ծ ունի քաղաքապետարանի որոշումների վրա, թե՞ պարզապես փողոցային առևտուր իրականացնելու հատուկ թույլտվություն ունի։



